Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ԱՐԴԵՆ ԱՍԵԼ ԵՄ՝ ՀԱԿ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ»

«ԱՐԴԵՆ ԱՍԵԼ ԵՄ՝ ՀԱԿ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ»
04.10.2011 | 00:00

Իշխանական ուժերն այսօրվանից արդեն նախընտրական «շորշոփների» մեջ են, նույնը ուրվագծվում է արտախորհրդարանական ընդդիմության շարքերում: Յոթանասուն քանի տարի քաղաքական համակարգում «վարուցանք» արած կոմունիստական կուսակցությունը 20-ամյակը բոլորած անկախ Հայաստանում ուզում է վերստին կոմունիզմ կառուցել: ՀԿԿ առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ չի կարող հաշտվել այսօրվա կառավարման մեխանիզմների հետ և նպատակ ունի նորից մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, իսկ մինչ այդ իր նկատառումներն ու դժգոհությունները ներկայացրեց մեզ հետ զրույցում:
-Կոալիցիոն ուժերն այսօրվանից մշակում են կեղծիքների նոր տարբերակ,- ասաց ընկեր Թովմասյանը:- Մի քանի օր առաջ Արթիկում էի, ինձ ասացին, որ մի տան վրա գրանցված մարդիկ այլ տեղ էլ գրանցում ունեն: Այսինքն, հնարավորություն են ստեղծում, որ նույն մարդը մի քանի անգամ քվեարկի: Համաժողովրդական ծիծաղի է վերածվում նաև այն, որ Վանգա դարձած քաղաքական գործիչները հեռուստաէկրանից հայտարարում են, թե այսինչ ուժը խորհրդարանում կստանա այսքան տոկոս, մյուսը՝ այնքան: Միայն չորս-հինգ անուն են տալիս, կարծես էլ մարդ չկա: Լինելու են լցոնումներ, կեղծիքներ, ու անունը դնելու են ընտրություններ:
-Հիմա էլ Դո՞ւք եք կանխատեսումներ անում:
-Իմ կանխատեսումը հիմնված է անցած ընտրությունների փորձի և ժողովրդի տեսակետի վրա: Ես էլ եմ քայլում փողոցներով ու լսում մարդկանց: Իհարկե, չեմ ասում` նրանք զրոյական տոկոս ունեն, բայց ոչ էլ այդքան ձայն ունեն:
-Ի՞նչ է անում այսօր ՀԿԿ-ն խորհրդարանում ներկայացված լինելու համար:
-ՀԿԿ-ն ստեղծել է ընտրությունների նախապատրաստական հանձնաժողով, որն այսօր աշխատանքներ է իրականացնում մեր ընկերների հետ՝ վերացնելու այն թերությունները, որոնք նախորդ ընտրություններին թույլ ենք տվել: Ամեն ինչ անելու ենք, որ մեր ձայները հսկենք, չնայած ոչ մի հանձնաժողովում անդամ չունենք, մեր միակ հույսը դիտորդներն են: Մեզ անհանգստացնում է մեկ այլ կարևոր խնդիր՝ ընտրությանը մասնակցելու համար նախատեսված 8 մլն դրամի գրավը: Է, միանգամից բյուջեի չափը դնեին, պրծնեին կամ ասեին 50-ից ավելի կուսակցություն մասնակցելու իրավունք չունի: Ի՞նչ ենք ուղտին նստել ու կուզեկուզ ման գալիս: Մեզ պես կուսակցությունը որտեղի՞ց 8 մլն դրամ գրավ մուծի:
-Այս խոչընդոտն ինչպե՞ս եք հաղթահարելու:
-Ստիպված եմ դիմելու հովանավորների: Սոցիալիստական գաղափարախոսությունն ինձ հետ կիսում են շատ ու շատ մեծահարուստներ, բիզնեսմեններ: Նրանք ինչ-որ ձևով մեզ կօգնեն: Սրան գումարած հանգանակություն ենք անելու կուսակցության շարքերում, վերջին հաշվով, 18-20 հազար կոմունիստ ունենք:
-Ո՞ր մեծահարուստներին կամ բիզնեսմեններին եք դիմել:
-Առայժմ այդ կամպանիան չեմ տանում, դեռ վաղ է: Այնպես որ, այսօրվա խոստումը չեմ կարող «օգտագործել» յոթ ամիս հետո:
- Հույս կամ վստահություն ունե՞ք, որ նրանք Ձեր գաղափարների «վերարթնացման» համար փողեր կտան:
-Եթե մի կուսակցության ղեկավար վստահություն չունի գործող իշխանությունների նկատմամբ, ինչպե՞ս կարող է անձերի հետ կապված երաշխիքներ ունենալ: Մենք գիտենք` նրանք ինչ ճանապարհով են հարստացել ու շարունակում են հարստանալ: Այս հարցը, ցավոք, դեռ առկախված է, և ելքեր առայժմ չենք գտնում:
-Իմաստ ունի՞ մասնակցելու ընտրություններին, երբ յուրաքանչյուր ընտրությունից հետո ՀԿԿ-ի ձայները նվազման միտում են արձանագրում:
-Չեմ համաձայնի Ձեզ հետ, որովհետև Դուք դիտարկում եք պաշտոնական տվյալները: Իսկ ես գիտեմ խոհանոցը, թե ինչպես են այդ թվերը նվազում: Ինչպե՞ս է ստացվում, որ մի կուսակցություն վեց ամիս առաջ է հայտնվում քաղաքական թատերաբեմում ու անցնում խորհրդարան:
-Ո՞ր կուսակցությունը նկատի ունեք:
-Շատերին: Այն դեպքում, երբ սոցիալիստական գաղափարախոսությունը հարազատ է յուրաքանչյուր ընտանիքի, անգամ այդ համակարգը չտեսած երիտասարդին: Ո՞ր երիտասարդը չի ուզում անվճար բնակարան ստանալ, ո՞վ է ուզում փող մուրալ այստեղից-այնտեղից, որ ուսման վարձը տա:
-Նույն այդ երիտասարդը ոչինչ չգիտի կոմունիզմի գաղափարախոսության մասին, ավելին, անկախության սերունդը չի էլ կարող պատկերացնել, որ երբևէ կարող է ապրել այլ հասարակարգում:
-Ի՞նչ անկախության մասին է խոսքը, երբ երկիրը դատարկվում է, մնացողներն էլ Ռուսաստանից եկած տրանսֆերտների հաշվին են ապրում: Ես կարսեցու տղա եմ ու այսքան սրտացավ եմ խոսում արտագաղթի մասին, քանի որ դեռ օրորոցից եմ զգացել, կաթի հետ մտել է գաղթականի ծանր կյանքը: Վերջապես ե՞րբ պիտի ընդունենք, որ մեր գյուղերը լրիվ դատարկվում են, երիտասարդությունը գնացել է, մնացել են ծերերը՝ չուլուփալասով, որը դեռ խորհրդային տարիներին են գնել: Դժբախտությունն այն է, որ վերից վար չեն ընդունում, որ այս անկախությունը ժողովրդի ողբերգությունն է: Անցել է քսան տարի, աղետի գոտում ի՞նչ են արել: ՀՀՇ-ն, որի օրոք դրվեց մեր դժբախտությունների հիմնական մասը, այսօր անմեղության խալաթը հագել, եկել է: Ո՞վ պիտի մարտի մեկի համար պատասխան տա, միայն իշխանություննե՞րը. ո՜չ, իրենք էլ պիտի պատասխան տան: Առաջնորդը միշտ պատրաստ պիտի լինի առաջին գնդակն ընդունելու: Գործող իշխանությունները կոմունիստները չեն, որ շքերթի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը տրիբունայից ներքև առանձին ամբիոն դներ ու դիմեր ժողովրդին: Այսքան կոմկուսի առաջին քարտուղարներ են պաշտոնը թողել, ո՞ր մեկին տվեցին այնպիսի դղյակ, ինչպիսին իրենն է:
-Սակայն հասարակության որոշակի զանգված այդ ուժին է սատարում, ուրեմն ինչպե՞ս ստացվեց, որ մարդիկ Ձեր թվարկած թերությունները չեն նկատում:
-Ժողովրդին թվում է, թե կյանքը բարելավելու համար կարելի է վերադառնալ հնին: Կարծում եմ՝ ներկայիս կայեններին չպիտի փոխարինեն նոր Կայենով: Նախ այնտեղ հավաքված զանգվածը ժողովուրդը չէ: Մի քանի հազար մարդ է հավաքվում ժամանցի: Արդեն ասել եմ՝ ՀԱԿ նշանակում է Հայաստանի ազգային կատակերգություն: Կամ` ի՞նչ համազգային հարց է մի երիտասարդի կալանավորելը, որ ամեն ինչ դրանով են պայմանավորում: Նախ` մարդկանց մի դրդեք հանցագործություն կատարելու, հետո էլ պահանջեք, որ բաց թողնեն: Այն մարդիկ, ովքեր այնտեղ են, նորից մոլորված են: Հիշում եմ՝ 98-ին էլ էին ասում՝ միայն Լևոնը չլինի, ով ուզում է լինի: Հիմա էլ ասում են՝ Սերժը չլինի, ով ուզում է լինի: Թողեք ազատ, արդար ընտրություններ լինեն, և ժողովուրդը կընտրի ում ուզում է:
-Հայտնի դեմքերից ո՞ւմ եք տեսնում որպես նախագահ:
-Մեր ժողովուրդը երբեք ամուլ չի եղել: Հայը տաղանդավոր ժողովուրդ է ու կգտնի իր նախագահին: Հայաստանի երեք նախագահների օրոք տեղի են ունեցել քաղաքական, տնտեսական խոշոր հանցագործություններ, որոնք վաղեմության ժամկետ չունեն: Մարդիկ պատասխան պիտի տան դրանց համար: Ինչքան ուզում են գզվռտվեն, իրար տակ քանդեն, միևնույն է, սոցիալիզմն անմահ է:
-Մի պահ պատկերացնենք, որ ՀԿԿ-ն և ՀԱԿ-ը խորհրդարանում են: Ինչպե՞ս եք պատրաստվում միասին աշխատել:
-ՀԱԿ-ին ճնշելով: Չեմ ասում` բռնենք, խեղդենք: Նրանք գովերգելու են ո՛չ ճշմարտությունը, իսկ մենք ներկայացնելու ենք ժողովրդի իրական վիճակը: Հիմա էլ մի նոր բան են սովորել՝ «փորձելու ենք աշխատել, փորձելու ենք անել…», կարծես երկիրը փորձադաշտ է: Մենք կճնշենք բոլորին:
-Արտահերթ ընտրություններից հետո՞ «կճնշեք»:
-Կարծում եմ՝ արտահերթի հավանականությունն ու կարիքն էլ չկա, որովհետև այսօր, երբ ընտրություններին մնում է վեց-յոթ ամիս, երկիրը գցել խառնաշփոթ վիճակի մեջ, անհարմար է: Վաղաժամկետ ընտրություն անցկացնելն անհեթեթություն է:
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ